Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Անհաջող կերպով կրկնօրինակում ենք ուրիշներին»

«Անհաջող կերպով կրկնօրինակում ենք ուրիշներին»
17.07.2009 | 00:00

«ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՁԵՌՔԸ ՉԸՆԿՆԵՍ»
Ռեժիսոր, կինոօպերատոր ՇԱՎԱՐՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը կինեմատոգրաֆիայի արդի խնդիրների մասին է: Նրա հետ հանդիպեցինք ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնում, ուր աշխատում է որպես պետի տեղակալ: Հակադրությունն այնքան էլ զարմանալի չէ, երբ ծանոթանում ես արվեստագետի կենսագրությանն ու անցած ճանապարհին: Շավարշ Վարդանյանը զինվորական օպերատոր է եղել, ազատամարտի տարիներին նկարահանել է վավերագրական կադրեր` 1200 ժամ տևողությամբ, պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարի հիմնադիրներից է:
-Բարձրարժեք ֆիլմեր այսօր Հայաստանում գրեթե չեն ստեղծվում: Հիմնական պատճառը ֆինանսների սղությո՞ւնն է, թե՞ չունենք լավ ռեժիսորներ, և մերը ստեղծելու փոխարեն կրկնում ենք ուրիշներին:
-Խորհրդային կարգերի փլուզումից հետո, կարծես, փլուզվեցին նաև արվեստը, մշակույթը, ինչը բնական եմ համարում, քանզի բոլոր տեսակի հեղափոխություններն իրենց հետ ավերածություններ են բերում: Ցավոք, կինոյի մեր վարպետներից ոմանք կյանքից հեռացան, ոմանք էլ, քանի որ «Հայֆիլմ» կինոստուդիան, կարելի է ասել, փակվեց, աշխատանք փնտրեցին օտար երկրներում, ինստիտուտն ավարտած շատ տղաներ ուղղակի չվերադարձան Հայաստան, որովհետև ֆիլմ նկարահանելու համար չկար համապատասխան բազա: Այստեղ իսկապես առաջին հերթին մեծ նշանակություն ունի գումարը. եթե գումար լինի, մասնագետին կարելի է նաև հրավիրել դրսից:
- Այսօր կա՞ն նոր, հետաքրքրիր անուններ:
-Երիտասարդներ են աճում, որոնց լավ չենք ճանաչում, որովհետև միջոց չկա, որ այս սերունդը դրսևորի իր ունակությունները: Այսօր մենք տեսաֆիլմեր ենք նկարում, որովհետև դա ամենաէժան տարբերակն է: Մինչդեռ նույնիսկ լավագույն հոլովակները (երեք-չորս րոպեանոց) տեսախցիկով չեն նկարվում, այլ ժապավենի վրա, որպեսզի արժեք ունենան: Տեսախցիկով նկարվող ոչ մի ֆիլմ արժեք չունի, ոչ ոք չի գնի, եթե անգամ հրաշք ստեղծես, որովհետև որակը ցածր է:
-Բայց, այնուամենայնիվ, լավ, թե վատ, ֆիլմեր ստեղծվում են, չի՞ կարելի ստեղծել մերը` ուրիշներին կրկնելու փոխարեն:
-Շատ բնագավառներում հայ ժողովուրդը փայլել է, բայց նույնը չես ասի կինոարվեստի, հեռուստատեսության մասին. այս դեպքում մենք չենք կարողանում ինքնուրույն գործ անել, ավելի շատ նայում ենք` ինչ են անում ուրիշները, և փորձում ենք անհաջող կերպով կրկնօրինակել:
-Բայց կար ժամանակ, որ մերն ունեինք։
-Հիշենք, որ այդ տարիներին պատուհանները փակ էին, մենք ձգտում էինք արտասահման, թեև չգիտեինք` ինչ կար այնտեղ: Երբ «պատուհանները» բացվեցին, հասկացանք, որ մեր սերունդների թողած ժառանգությունը բավականին բարձրարժեք է և մեծ հետաքրքրությամբ սկսեցինք նայել այդ ֆիլմերը: Իսկական արժեքները, որպես կանոն, հետո են գնահատվում:
-Այսօր հայ կինեմատոգրաֆիայի զարգացման ի՞նչ ուղիներ եք տեսնում: Ավելին, կարո՞ղ ենք թափանցել համաշխարհային կինոշուկա:
-Կարող ենք լավագույն դեպքում համատեղ աշխատել:
Հայաստանն այսօր շուկա պիտի փնտրի արտասահմանում: Սակայն, Ամերիկան գնել է ամբողջ աշխարհի կինոշուկան և արհեստականորեն գներ է բարձրացնում: Ֆիլմն արժե 150- 200 միլիոն դոլար, շուկան իրենն է, կարող է բոլոր ֆիլմերը դուրս շպրտել և ստիպել, որ իր ֆիլմերը նայեն: ՈՒ այդպես էլ անում է: Անգլիայում, օրինակ, ամենաթանկ ֆիլմը, որ նկարում են, վեց միլիոն դոլար է, որովհետև քսան միլիոնով չեն կարող ամերիկյան դերասան հրավիրել: Դե, հիմա, Հայաստանում ես պատմական ֆիլմ եմ նկարում, կարո՞ղ եմ Մել Գիբսոնին կանչել, քսան միլիոն վճարել, որ խաղա Վարդան Մամիկոնյանի դերը, ո՞նց եք պատկերացնում:
-Իսկ փառատոներին մասնակցել, գոնե, կարո՞ղ ենք:
-Փառատոներին կարող ենք մասնակցել, «Օսկար» էլ կարող ենք շահել, եթե հետաքրքիր ֆիլմ ներկայացվի, բայց հարց է` ֆիլմը մեծ շուկա դուրս կգա՞:
-Գոնե կճանաչեն երկիրդ:
-Բնական է, ամեն դեպքում, լավ գործը երկրիդ ճանաչում է բերում, և ոչ ավելին: Օրինակ, Վիգեն Չալդրանյանի ֆիլմերից մեկը պետք է ներկայացվեր «Օսկարի», ամբողջ արտասահմանի հայությունը ոտքի կանգնեց և այլն… Ի՞նչ էր տիրում Հայաստանում: Այն, ինչ տիրել է իններորդ, տասներորդ դարերում, մ.թ.ա. երեք հազար տարի առաջ, այն, ինչը, եթե մի քանի հազար տարի էլ գոյություն ունենանք, տիրելու է… նախանձը, չկամությունը: Վատ ֆիլմ է, լավն է, ռեժիսորին սիրում եք, չեք սիրում, ի վերջո, հայն է «բարձրանում»: Մենք ինքներս ենք մեր տունը քանդում: 88-ին ես գնացի Ղարաբաղ` նպատակ ունենալով նկարել` ոնց են ադրբեջանցիները քանդում մեր մշակույթի օջախները. ոչ մի բան չգտա, ցավալին այն է, որ մենք ենք քանդում ամեն ինչ: Ասում են` բժշկի, ոստիկանի ձեռքը չընկնես, ես էլ ասում եմ` արվեստագետի ձեռքը չընկնես:
-Արվեստի բնագավառում գուցե շա՞տ է մրցակցությունը:
-ՈՒրիշ տեղեր մրցակցություն չկա՞: Մեր հեռուստաընկերություններից մեկն ինձ հրավիրել էր օպերատորության դասեր տալու, ստուդիային օգնելու: Ցավը, գիտե՞ք, որն է` ա-ն ու բ-ն չգիտեն, գրում են, կինո են նկարում ու դեռ չեն էլ ուզում սովորել: Բոլոր հեռուստաալիքներով հազար ու մի տարրական սխալներ են թույլ տալիս, որ գրագիտության պակասի հետևանք է, բայց եթե իրենց հարցնես` բոլորը Ֆելինի են... Այդ գոռոզությունն է նաև սպանում մեր արվեստը: Կան շնորհալի երեխաներ, բայց նրանք ծնվել են արդեն կեղտոտ միջավայրում, պետք է հեռու պահել այդ ամենից ու նաև տեղ տալ նրանց:
-Ինչո՞վ է առանձնանում հայ կինոն, և լա՞վ է, արդյոք, որ ազգային տարրերը մղվում են առաջին պլան:
-Ի՞նչ հայկական կինոյի մասին է խոսքը, երբ տեսնում ես` ինչպես է կիսավեր շենքի առաջին հարկում կուչ եկել Ազգային կինոկենտրոնը: Այսօրվա դրությամբ, այս ֆինանսական վիճակով, պետական մոտեցման այս ձևի մեջ ես հայկական կինո չեմ տեսնում: Կարող են հայ լավ մասնագետներ ի հայտ գալ Մոսկվայում, մեկ այլ երկրում…
-Կգնայի՞ք Հայաստանից:
-Կգնայի` Հայաստանին օգնելու համար, այստեղ մնալով ոչինչ չեմ կարող անել, շատ դեպքերում էլ, առանց հասկանալու, խանգարում են:
- Վերջերս էկրան բարձրացավ Ձեր և կինոսցենարիստ Վահան Տեր-Ղազարյանի նկարահանած «Արևի տաճարը» փաստագրական ֆիլմը, ընթացքի մեջ է Անի քաղաքի մասին պատմող ֆիլմը: Սրանք ֆիլմեր են, որ անհրաժեշտ են յուրաքանչյուրին:
-Նմանատիպ ֆիլմերը սերունդ են դաստիարակում: Հայրենիքը սիրելու համար, նախ, պետք է ճանաչել, իմանալ նրա պատմությունը, անցյալը, մշակույթը:
-Պետական հովանավորությամբ ստեղծված ֆիլմերը, որքան ինձ հայտնի է, մեկ-երկու անգամ ցուցադրվում են կինոթատրոնում, հայտնվում էկրանին և անցնում «ընդհատակ»: Դրանց մեծ մասը հանրությանը հայտնի չէ: Վաճառքի, տարածման ուղղությամբ քայլեր չեն արվում, ուրեմն, ինչո՞ւ են գումարներ ծախսվում, ֆիլմեր ստեղծվում:
-Իսկապես, կա նման խնդիր: Մշակույթի նախարարությունը չի զբաղվում ստեղծված ֆիլմերի հետագա ճակատագրով, պետք է լինի մի բաժանմունք, որ որոշի` գուցե ֆիլմը պետք է մտնի դպրո՞ց կամ մի քանի անգամ ցուցադրվի հեռուստատեսությա՞մբ: Ինչ վերաբերում է վաճառքին, նմանատիպ ֆիլմերը, հատկապես Հայաստանում, քիչ են վաճառվում:
-Նոր ֆիլմ ցուցադրելու համար հեռուստաընկերություննե՞րն են վճարում, թե՞ վճարում է ռեժիսորը:
-Օրենքով իրենք պետք է վճարեն, որովհետև դու ժամ ես լրացնում, դա գովազդ չէ: Բայց որպեսզի իրար չնեղացնենք, ֆիլմն էլ ցուցադրեն ավելի շուտ, դու հրաժարվում ես ֆինանսից, իրենք էլ ցուցադրում են ֆիլմը:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Ազատամարտի թեմայով նկարահանված ամենամեծ արխիվը պահվում է ինձ մոտ և փրկության կարիք ունի: Տեսաերիզների պահպանման համար հատուկ պայմաններ են հարկավոր, իսկ մեզ մոտ, եթե մի բան պետության հովանավորությամբ չի արվում, դու էլ ֆինանս չունես, ուրեմն հայի բախտ է ունենում:
-Թվայնացման մասին մտածե՞լ եք:
-Մեծ գումարների հարց է: Թեև, երկու- երեք փողատերերի նորմալ հաց ուտելուն է հավասար: Այսինքն, մի օր եթե իրեն զրկի և հաց ու մածուն ուտի, էս արխիվը կփրկվի:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4247

Մեկնաբանություններ